Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հաղթանակի, Թուրքիայի դրոշի ու մեր ծիծաղի մասին

Հաղթանակի, Թուրքիայի դրոշի ու մեր ծիծաղի մասին
24.04.2013 | 23:24

Երբ առաջին անգամ իմացա ցեղասպանության մասին, չորրորդ դասարանում էի: Էն ժամանակ դպրոցում շատ չէին խոսում ցեղասպանության մասին: Իմ ուսուցիչն ասում էր, որ թուրքերն ու ադրբեջանցիներն իրար հետ կապ չունեն, տարբեր են:

Իջևանի շրջանում մի քանի ադրբեջանաբնակ գյուղ կար: Առավոտ ծեգին այդ գյուղացիներից շատերը գալիս մեր բակերում կաթումածուն էին վաճառում, ձու և կանաչեղեն: Շուկան էլ լիքն էր Ղազախի շրջանից եկած մրգավաճառներով: Ադրբեջանցու հետ միշտ հնարավոր էր սակարկել, հայերի հետ դա դժվար էր ստացվում: Նույնիսկ երկու հայի միջև խոսակցություններ էին լինում, երբ գնորդն ասում էր` թուրքերն էժանացնում են, դուք` չէ: Հայ վաճառողն էլ թե` դե որ թուրքերին բարձր եք գնահատում, գնացեք նրանիցից առեք: Հայրս դա բացատրում էր Հայաստանում հողի քչությամբ և ոչ այնքան բերրիությամբ: Ասում էր` մեր հողը լավը չի, բերք քիչ են ստանում, դրա համար էլ չեն էժանացնում: Հետո ես մտածում էի. հայրս ասում է` թուրք, ուսուցիչս ասում է` թուրքը Թուրքիայում է, էդ ոնց կլինի: Հայրս ուղղում էր, թե` հայերին սպանել են Թուրքիայի թուրքերը, իսկ ադրբեջանցիները մեր հարևաններն են ու վերջ, համարյա ` եղբոր պես: Ավելի ուշ հասկացա, որ թե հայրս, թե ուսուցիչս պարզապես վախենում էին թշնամանք սերմանելուց, չէ? որ մի երկրում էինք ապրում բոլորս:
Ղազախ շատ էինք գնում: Մի տոնավաճառանման տեղ կար: Իջևանցիք, դիլիջանցիք շաբաթ-կիրակի Ղազախ էին գնում, որ «իմպըրտնի» շոր ու կոշիկ գնեն: Հետո Սումգայիթ եղավ: Ղազախցու հետ ընկերություն անող հայը միանգամից փոխվեց, հիշեց, որ դրանք նույն թուրքերն են, ու վերջ: Թափված արյունը ահավոր ուժ ունի: 1988-ի մայիսն էր, իջևանցի կանայք Արմեն Ղուլարյանին, ով էն ժամանակ քաղսովետի նախագահն էր, իսկ հիմա` Տավուշի մարզպետը, կալմեջ էին արել: Բողոքում էին` թուրքերին մի թողեք գան մեզ մոտ կանաչի ծախեն, չենք ուզում: Ղուլարյանն էլ ասում էր` ոնց արգելենք, ախր, չի լինի, դուք որ իրենց կանաչին չառնեք, իրենք չեն գա: Արյուն թափողն իր գործն արել էր, ու 7-8 տարեկան երեխեքն ընկնում էին էս կաթումածուն ծախողների հետևից, խփում, շորերից քաշքշում:
Քնած մարդուն արթնացնելու համար երևի ամենակարճ ճանապարհը նրան ցավ պատճառելն է: Հայերը կարծես քնից արթնացան կամ պարզապես շատ ծանոթ ֆիլմ տեսան, որի մասին մոռացել էին: Թուրքերն ու ադրբեջանցիները կրկին նույնացան, իսկ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհը կարճացավ, կարճացավ, մոտեցավ ցավեցնելու աստիճան, ու մեր տներից հուշահամալիրն այնքան մոտ էր թվում, որ ուր նայում, խոնարհված քարեր էինք տեսնում: Պատերազմի ու հաղթանակի միջև ժամանակը փոքրանում է, երբ հավատում ես հաղթանակին: Մենք հավատում էինք: Բայց հաղթանակից հետո մեր հիշողությունն էլ կարճացավ, մոռացանք ոչ միայն հաղթանակի փաստը, այլև Ծիծեռնակաբերդի ճանապարհին մեր հոգու խուլ թփրտոցը: Ապրիլի 24-ին նահատակների հոգուն հարգանքի տուրք մատուցելու գնացող երթի մեջ շատերն իրար անեկդոտ ու եսիմ ինչ զվարճալի բաներ են պատմում, որ մտորումների տրամադրող ճանապարհը չծանրանա իրենց հոգնած կրունկներին: Սգալուց հոգնած ու զվարճանք փնտրող ժողովուրդը ամեն ինչ խառնել է, չգիտի որտեղ ուրախանա, որտեղ տխրի:
Մորս էրզրումցի տատն իր աղջիկներին փրկել է նրանց պատառոտված շորեր հագցնելով ու դեմքները մրոտելով: Հետո նրանց թոնիրն է գցել ու թոնրի վրա նստել կարուկարկատանի: Թուրքերը եկել, պտտվել են, աղջիկներին թոնրից հանել, բայց նրանք մոխրոտ ու վանող էին դարձել, ու թուրքերը հեռացել են: Մորս տատը պատմել է էս պատմությունը թոռներին ու հետո ասել, թե թշնամուն հաղթելու համար ուժեղ պիտի լինել, լացը` լաց, ծիծաղը` ծիծաղ: Մայրս տատի պատմածների մասին աշխատում էր չհիշել՝ մինչև Սումգայիթի դեպքերը: Հետո սկսեց պատմել, վերհիշում էր ընտանիքի պատմությունը, բայց առանց չարանալու: Լացը` լաց, ծիծաղը` ծիծաղ:
Իմ սերունդը տանուլ տվեց իր կյանքը Սումգայիթից էս կողմ, բայց վերագտավ իր պատմությունը: Այսօրվա միջին դպրոցականն ավելի շատ գիտի ցեղասպանության մասին, թեև գլխիվայր շուռ եկած արժեքների էս ժամանակում 1915-ի ճանաչման հետապնդումը շատերի համար ասոցացվում է պարզապես Թուքիայի դրոշը վառելու հետ: Կան կառույցներ, որոնք զանազան ակցիաների միջոցով փորձում են կենսունակ պահել հարցի կարևորությունը, բայց նույն ուժերը մոռանում են ավելի կարևոր ու այսօրեական խնդիրների մասին` արտագաղթ, աղքատություն, գործազրկություն, մարդու իրավունքներ: Ես չգիտեմ՝ ճանաչման հարցին որքանով է օգնում համացանցում Թուրքիայի դրոշը վառողների քանակը, բայց տեղեկատվական պատերազմները հաստատ ավելի լուրջ քայլեր են ենթադրում:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3802

Մեկնաբանություններ